21 08 2020

«Համատարած ավերակ է մեր երկրում»` միակ խոստումը, որ կատարում է Նիկոլ Փաշինյանը

«Համատարած ավերակ է մեր երկրում»` միակ խոստումը, որ կատարում է Նիկոլ Փաշինյանը

Դժվար է չհամաձայնվել Նիկոլ Փաշինյանի կատարած հայտարարության հետ․ «Որ համատարած ավերակ է մեր երկրում, եկեք խոստովանենք»: Իսկապես, նրա կառավարման երկու տարիների ընթացքում Հայաստանը տարիներով հետ շպրտվեց։  2017 թ․-ի եւ 2018 թ․-ի առաջին երեք ամիսների բարձր տնտեսական աճը աստիճանաբար նվազեց։

Անցած տարին, լավ թե վատ, անցանք բուքմեյքերական ընկերություններում խաղադրույքներ կատարողների աշխուժության, ավտոմեքենաների զանգվածային ներկրման եւ հանքերի կատաղի շահագործման հաշվին։ Արդյունքում, հարստացան բուքմեյքերական ընկերությունների սեփականատերերը, իսկ հազարավոր քաղաքացիներ անիմաստ ձեւով կորցրեցին իրենց գումարները։ Ավտոմեքենաներ ներկրողները չկարողացան վաճառել իրենց ներկրած ավտոմեքենաների մեծ մասը, դարձյալ կորցնելով ահռելի գումարներ եւ հայտնվելով ծանր պարտքերի տակ։

Ահռելի՝ մոտ 18 մլրդ դրամ կորցրեց գյուղատնտեսությունը 2018 թ․-ին, քանի որ ամռան շոգ ամիսներին Սեւանից գյուղատնտեսության համար Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոռոգման ջուր բաց չթողեց եւ Արարատյան դաշտի բերքն ու մշակաբույսերը մեծ կորուստներ կրեցին։ Գյուղատնտեսությունը շարունակում է կորցնել մինչ օրս։ Մրգի ու բանջարեղենի, մսի եւ կաթնամթերքի ծավալների անընդհատ նվազման, գյուղացիների եկամուտների անկման մասին բազմիցս ենք անդրադարձել։

Կորցրեց արդյունաբերությունը՝ 100 մլն դոլարանոց ներդրումային ծրագիր չեղյալ համարվեց այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգով ձերբակալվեց «Սպայկա» ընկերության տնօրենը, որից հետո նրա գործընկեր-ներդրողը հայտարարեց վերոնշյալ ներդրումային ծրագրից հրաժարվելու մասին։ Մի քանի գործարաններ, որոնց իբր բացմանը ներկա էր Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ չբացվեցին։ Ընդհանրապես, բացի հանքարդյունաբերությունից, արդյունաբերության մնացած բոլոր ճյուղերի արտադրության ծավալները նվազեցին։ Չստեղծվեցին նոր աշխատատեղեր, կրճատվեցին եղածները։

Առեւտրի ոլորտում գործունեություն ծավալող փոքր բիզնեսը՝ տասնյակ հազարավոր մարդիկ միլիարդավոր դրամներ կորցրեցին վերջին երկու տարում՝ բնակչության եկամուտների եւ գնողունակության անկման պատճառով։ Ի վերջո, վիճակագրական կոմիտեն հարկադրված այս տարի արձանագրեց այս ոլորտներում վերջին երկու տարում տեղի ունեցող անկումը։

Կորոնավիրուսի պաշտճառով մենք կորցրեցին մեր 1000-ից ավելի հայրենակիցներին, եւ դա դեռ վերջը չէ։ Հայաստանը վարակվածների եւ մահացածների թվով աշխարհի ամենավատթար ցուցանիշներ ունեցող երկրների թվում է։ Իսկապես, համատարած անտերության էր մատնվել եւ ավերակ էր դարձել առողջապահական համակարգը՝ չկարողանալով հասցնել սպասարկել վարակված քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանն ու իր առողջապահության նախարարը նախ՝ անլուրջ մոտեցան համավարակին եւ ոչինչ չձեռնարկեցին, ապա՝ նաեւ իրենք նպաստեցին նրա տարածմանը՝ մարդաշատ հավաքներ անելով։

Հեղափոխության նախորդող տարում սկսված շինարարության աստիճանական աճը այժմ ազատ անկման մեջ է՝ ավելի քան 23 տոկոս։ Թե շինարարության, թե մասնավորապես ճանապարհաշինության ծավալների նվազման մասին անդրադարձել ենք մեր հրապարակմամբ։

Գնալ կանգնել 3,3 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհի այս կամ այն հատվածի վրա, ամենեւին էլ չի նշանակում, որ հիմա ավելի շատ ճանապարհներ են կառուցվել, քան նախկինում։ Օրինակ՝ 1998-2007 թթ․-երին պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է 907 կմ ճանապարհ եւ 118 կամուրջ, ՀԲ ծրագրով 1998-2002 թթ-երին՝ եւս 634 կմ ճանապարհ, 2000-2007 թթ․-երին՝ «Լինսի» հիմնադրամով էլ 435 կմ ճանապարհ։ Գումարեք եւ ստացեք, թե որքան ճանապարհ է կառուցվել այդ տարիներին։ Այս թվերից կարող են նաեւ եզրակացնել, թե ի՞նչ է եղել ճանապարհների վիճակը Հայաստանում 1998 թ․-ին։ Ճանապարհներ, ըստ էության, չեն եղել։ Եղել են ճանապարհ հիշեցնող արահետներ, տեղ-տեղ հանդիպող ասֆալտի կտորներով, որոնցից կռահում էիր, որ այն երբեւէ ասֆալտապատ է եղել։

Այո, համատարած ավերակ է եղել 90-ականներին Հայաստանում։ Նրանք, ովքեր խոսում են 20 տարվա «թալանածի» կամ կառուցած-չկառուցածի մասին, բավական է միացնեն հիշողությունը, համեմատեն 1998 թ-ի Հայաստանը 2018 թ-ի Հայաստանի հետ եւ տեսնեն տարբերությունը։ Սակայն, Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մեր երկիը պետք է վերադառնա ելման կետ՝ 1998 թ։ Դա այն բացառիկ խոստումն է, որը նա կատարում է եւ հայտարարում, որ արդեն իսկ «համատարած ավերակ է մեր երկրում»։

Արա Մարտիրոսյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ